Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Անվերջ մենության միօրյա վախճանը

Անվերջ մենության միօրյա վախճանը
14.04.2009 | 00:00

ՆՈՐ ԳԻՐՔ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հանդիսասրահում կայացավ Գերմանիայում ապրող և ստեղծագործող Սևակ Արամազդի (Հովհաննիսյան) «Արմէն» գրքի շնորհանդեսը: Վեպի ժանրով գրված իր այս ստեղծագործությունը հեղինակը համարում է հայի էության, ճակատագրի գեղարվեստական վերարտածում, բազմաշերտ մի երկ, որում յուրաքանչյուր ընթերցող կարող է տեսնել իրեն՝ այս կամ այն չափով: Եվ հենց սա է, ըստ Արամազդի, վեպի գլխավոր արժանիքը:

Այս գրքից առաջ Սևակ Արամազդը հրատարակել է երեք բանաստեղծական ժողովածու՝ «Մակընթաց լույս» (1986), «Չփակվող շրջան» (1990) «Երկինք ու երկիր» (2000), «Ինքը» վեպը (1993), 2003-ին Մոսկվայում լույս է տեսել «Չփակվող շրջան» բանաստեղծությունների ռուսերեն ժողովածուն՝ Ալբերտ Նալբանդյանի և Գեորգի Կուբատյանի թարգմանությամբ: Գրել է նաև ստվարածավալ վեպ՝ «Աստծո օրը», որն առայժմ անտիպ է։ Այս պահին աշխատում է «Արևի լեռը» վեպի վրա:
Շնորհանդեսը բացեց ինքը՝ հեղինակը, և, ավանդական կաղապարներին հակադրվելով, ընթերցեց հնդկական դիցաբանական «Կալիկա Պուրանա» պատումը՝ սեփական վերարտադրությամբ: Այն հնդկական դիցարանի մահվան ու ճշմարտության աստծո՝ Շիվայի և նրա հավերժական սիրո՝ Սիտայի պատմությունն է, որը վկայում է, թե ինչպես են մարդեղանում աստվածները և աստվածանում մարդիկ: Այս առասպելաբանությանը հետևեց Արամազդի չափազանց անկեղծ ու անմիջական խոստովանությունը` «Ինքը» վեպի վերագնահատման փորձի, կնոջ հետ այդ առիթով ունեցած զրույցների, անհամաձայնությունների ու դրանց արդյունքում ծնված «Աստծո օրը» և «Արմէն» վեպերի մասին:
«Արմէնի» մասին հանգամանալից տեղեկություն-վերլուծությամբ հանդես եկավ բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը՝ մասնավորապես ասելով. «Վեպը կարդալուց հետո ես մեծ ուրախություն ապրեցի, որ հայ գրականությունն այսպիսի վեպ ունեցավ, որի նմանը չուներ: Չուներ այդ բովանդակությունը, այդ աշխարհը… Վեպն ընթերցելիս ես զարմացա և հիացա իմ շատ սիրելի Սևակի հրաշալի տաղանդով: Նա կարողանում է զսպանակի նման անվերջ բարձրացնել իր փիլիսոփայական մտքերը, իր մեկնաբանությունները, իր սերը, իր ատելությունը: Ինձ նաև զարմացրեց մեկ այլ բան. ամբողջ վեպի մեջ նա հայրենիքի մասին չի խոսել, ոչ մի բառ հայրենիքի մասին չի ասել, որովհետև ամեն ինչում հենց հայրենիքն է»:
Արամազդի բանաստեղծությունների թարգմանիչ Գեորգի Կուբատյանը նշեց, որ հեղինակի ռուսերեն թարգմանություններն արժանացել են շատ բարձր գնահատականի ռուս ընթերցողի կողմից: «Պոեզիան միշտ ավելի խոր, ավելի լայն ու ավելի իմաստուն է, քան թե առանձին բառերի կամ նախադասությունների իմաստների գումարը,- ասաց թարգմանիչը:- Պոեզիայում միշտ պետք է լինի ինչ-որ անբացատրելի բան, մետաֆիզիկ պահ: Սևակի մոտ այն կա: Այսինքն՝ Սևակի պոեզիայի մեջ պոետն էլ կա: Դա կարևորագույնն է պոեզիայում»:
Գրող, գրականագետ Նորայր Ադալյանը, թեև դեռ չէր հասցրել կարդալ «Արմէն» վեպը, բայց հավաստիացրեց, որ կնպաստի վեպի լուսաբանմանը և կօժանդակի դեպի ընթերցող տանող ճանապարհը հարթելուն, որովհետև, իր կարծիքով, Սևակ Արամազդի գրականության մասին հանիրավի քիչ է խոսվում հայ գրական միջավայրում: Նա ասաց, որ Սևակ Արամազդն իր համար միշտ ծանոթ-անծանոթ է եղել, միշտ իր մեջ գրավիչ, ձգողական բան է ունեցել, զարմացրել իր խոր գիտելիքներով, վերլուծական մտքի փայլատակումներով: Գրականագետի բնորոշմամբ` Սևակ Արամազդի պոեզիան ոչ թե հայ ընթերցողին ծանոթ ու հայտնի այս կամ այն գրական իրողության, ուղղության կրողն է, այլ հենց սևակյան է՝ խիստ ինքնատիպ ու անհատական: «Սևակ Հովհաննիսյանը կամ Սևակ Արամազդը, ցավոք սրտի, ժամանակակից հայ գրական կյանքում չի ընկալվում իր ամբողջ մեծությամբ,- նկատեց Ն. Ադալյանը:- Այս հարցում մեղքը ոչ թե նրանն է, այլ մերը, այսինքն՝ նրանցը, ովքեր «կառուցում են» հայ գրական կյանքի պատկերը: Հայկականության նշաններ չկան նրա ոչ պոեզիայում, ոչ էլ արձակում: Իսկ հոդվածները մտածող մարդու խոհերի արտահայտությունն են: Սևակի հայկականությունը գաղտնիքը հայտնաբերելու ձգտման մեջ է: Եվ որքան գաղտնիքը չի հայտնաբերվում, այնքան նա ավելի հետաքրքիր է դառնում: Նա մեզ չի պարտադրում իր պատասխանը, այլ մեր առջև հարցեր է դնում և՛ պոեզիայում, և՛ արձակում, և՛ հոդվածներում ու ստիպում մտածել դրանց շուրջ։ Սևակի պոեզիան և արձակն ընթերցողների լայն շրջանակի, մասսաների համար չեն, ընտրյալների համար են: Եվ սա ես համարում եմ նրա բարձրագույն հատկանիշներից մեկը: Ցավոք, մենք այսօր ավելի մասսայական ենք, քան ընտրյալ, բայց ես համոզված եմ՝ իսկական գրականությունը վաղ թե ուշ գտնելու է իր ընթերցողին»:
Տիգրան Մանսուրյանը, հավատարիմ իր անմիջական, անբռնազբոս խառնվածքին, առավելապես խոսեց իր բարեկամ, իր ընկեր Սևակի մասին՝ ներկայացնելով նրա ջերմ, մարդկային, նաև հախուռն էությունը, օտար ափերում հաստատված նրա ընտանիքում տիրող խիստ հայեցի մթնոլորտը, հացի նման գիրք բաժանելու վարքագիծն ու հայերենի մատուցման բացառիկ շնորհը՝ իբրև հայրենասիրության ամենացայտուն դրսևորում:
Գրքի շնորհանդեսից օրեր առաջ Սևակ Արամազդի հետ ունեցած զրույցի ընթացքում հետաքրքվեցինք, թե 15 տարի Գերմանիայում ապրելով՝ որքանո՞վ է տեղյակ և մասնակից հայ գրական միջավայրի անցուդարձին: «Ես երբևէ որևէ գրական անցուդարձի մեջ չեմ եղել ու հիմա էլ չկամ,- ասաց։- Ինձ համարում եմ, Նժդեհի խոսքերով, վճռական մենակներից մեկը: Իմ միակ ցանկությունը գրելու, ստեղծագործելու հնարավորություն ունենալն է: Իսկ այդ անցուդարձերին, ընդհանուր գրական ընթացքին (թե՛ Հայաստանում, թե՛ Գերմանիայում) վերաբերվում եմ որպես ճանաչողական արժեք ունեցող կենսափաստերի, որոնք մեկնաբանում են մարդկանց հոգեբանությունն ու պատկերացումները: Դրանք այնքանով են ինձ համար հետաքրքիր, որքանով կարող են հետաքրքիր լինել ցանկացած մահկանացուի անձն ու վարքագիծը»:
Թե որքանով կարող են մարդիկ ու հանգամանքները ներգործել որևէ մեկի վրա և հոգեբանական կտրուկ շրջադարձերի պատճառ դառնալ, դժվար է ասել, բայց «Արմէնի» շնորհանդեսի ընթացքում հնչած ջերմ խոսքերից ու բարձր գնահատականներից հետո Սևակ Արամազդը հայտարարեց, որ իր անվերջ մենության զգացումն այդ օրը գտավ իր վախճանը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5475

Մեկնաբանություններ